d
An igniting portfolio theme designed
to help you leave quite a mark.
Back to Top
Culture

Հայկական Ցանցային Պետության Հռչակագիր

Մենք՝ համաշխարհային հայության ներկայացուցիչներս,

հաշվի առնելով համաշխարհային հայությանը եւ հայկական քաղաքակրթությանը սպառնացող գոյութենական
վտանգներն ու անվտանգային մարտահրավերները, որոնք սկիզբ են առել Օսմանյան կայսրությունում XIX դարի
վերջին տեղի ունեցած հայկական կոտորածներով, մասամբ իրագործվել 1915 թ. Հայոց ցեղասպանության, 1918
եւ 1920 թթ. թուրքական բանակների՝ դեպի Արեւելյան Հայաստան արշավանքների, ապա նաեւ Ռուսաստանի ու
Թուրքիայի միջեւ 1921 թ. կնքված Մոսկվայի անօրինական պայմանագրով Հայաստանի Հանրապետության
բռնազավթման միջոցով,
փաստելով, որ նույն գոյութենական վտանգներն ու անվտանգային մարտահրավերները հայ ժողովրդի առաջ
ծառացած են նաեւ XXI դարում՝ հատկապես 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից
սանձազերծված պատերազմից եւ ռուս-թուրքական համաձայնությամբ հայկական Արցախը մասնատման
ենթարկելուց հետո,
համոզված լինելով, որ միայն իր կազմավորման ու պատմական կենսագործունեության տարածքում՝ Հայկական
լեռնաշխարհում, կարող է ապահովվել հայ ժողովրդի հարատեւությունը, ինչպես նաեւ որ համաշխարհային
հայությունը որպես յուրահատուկ ինքնություն ունեցող էթնիկ միավոր կարող է գոյատեւել եւ զարգանալ միայն
կենսունակ Հայկական պետականության առկայության պայմաններում,
միավորվելով Հայկական պետականության պաշտպանության ու զարգացման գաղափարի շուրջ,

ՀՌՉԱԿՈՒՄ ԵՆՔ

Հայկական ցանցային պետության կազմավորումը։

Մեր նպատակն ազատ, միացյալ ու ինքնիշխան Հայաստանի կառուցումն է, ինչպես նաեւ՝ աշխարհի ցանկացած
անկյունում համաշխարհային հայության անվտանգության ու իրավունքների պաշտպանության ապահովումը։

Մեր խնդիրներներն են՝

ա. համաշխարհային հայության մտավոր եւ նյութական ռեսուրսների համախմբումը,
բ. Հայկական պետականության ինքնիշխանությունն ու շարունակական զարգացումն ապահովող համակարգերի ու
մեխանիզմների ձեւավորումը,
գ. Հայկական պետականության եւ համաշխարհային հայության առջեւ ծառացած անվտանգային
մարտահրավերների հաղթահարումը,
դ. Հայկական քաղաքակրթության պաշտպանությունն ու զարգացումը։

Միմյանց միջեւ մենք հաստատում ենք համագործակցություն՝ պահպանելով հետեւյալ սկզբունքերը.

ա. հավասարությունը, քանզի այն մարդկության բարօրության գլխավոր գրավականն է,
բ. ազատությունը, քանզի բռնակալության մերժումը ընկած է մեր ազգային ինքնության հիմքում,
գ. հարգալիրությունը, քանզի յուրաքանչյուր ոք, ով հանրային ու ազգային հարցերում ակտիվություն է
ցուցաբերում, արժանի է մեծարանքի,
դ. վստահությունը, քանզի յուրաքանչյուր միավորում կարող է հաջողել, եթե անհիմն կասկածներն ու
դժգոհությունները չեն վնասում ընդհանուր գործին,
ե. նախաձեռնողականությունը, քանզի խնդիրները լուծվում են միայն նպատակաուղղված ջանքերի շնորհիվ,
զ. հետեւողականությունը, քանզի Հայկական պետականության եւ համաշխարհային հայության առջեւ ծառացած
խնդիրները, ինչպես նաեւ ֆիզիկական ու հոգեւոր անվտանգությանը սպառնացող մարտահրավերները
հաղթահարելի են ցանկացած պայմաններում,
է. թափանցիկությունը, քանզի քաղաքացիներին իրենց ջանքերի, ինչպես նաեւ տրամադրած մտավոր ու
նյութական ռեսուրսների համար պետք է հաշվետու լինել՝ լիարժեք գոհացնելով նրանց սպասումները,
ը. ապակուսակցականությունը, քանզի ցանկացած միավորման համար անընդունելի են քաղաքական
տեսլականների շուրջ ի հայտ եկող բաժանումներն ու պառակտումները,

թ. բազմակարծությունը, քանզի էթնիկ ինքնությամբ առաջնորդվող հայության համար խոսքի, խղճի, դավանանքի
եւ այլ համոզմունքների ու պատկերացումների շուրջ սահմանափակումները ի չիք են դարձնում ցանկացած
համագործակցություն։

Մենք ամրագրում ենք, որ Հայկական ցանցային պետությունը՝

ա. համահայկական համագործակցություն է՝ Հայաստան կենտրոնով, որի շրջանակում յուրաքանչյուր քաղաքացի
առաջնորդվում է «Հայաստանակենտրոնությամբ», այն է՝ «ամեն ինչ Հայկական պետականությանը»
փիլիսոփայությամբ,
բ. ապահովում է հանրային արժեհամակարգի վերակերտումը եւ պետական ու ազգային շահերին միտված
պահանջատեր ընտրանու ձեւավորումը,
գ. իր քաղաքացիների, կառույցների ու մեխանիզմների միջոցով իրականացնում է Հայկական պետականության եւ
Հայկական քաղաքակրթության պաշտպանությունն ու զարգացումը,
դ. իր կառույցների ու մեխանիզմների միջոցով իրականացնում է իր քաղաքացիների պաշտպանությունը՝ անկախ
բնակության վայրից։

Դարձիր Ցանցային Պետության Քաղաքացի